ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Իր հոգու կապույտը փնտրող աղջնակը

Իր հոգու կապույտը փնտրող աղջնակը
04.04.2025 | 15:40

Ապրիլի 2-ից «բացվել է ՄԱՐԻԱ ԱՍԼԱՆՅԱՆԻ «Մելանխոլիկ շշուկներ» վերտառությամբ անհատական ցուցահանդեսը՝ «Փյունիկ» զարգացման կենտրոնի ցուցասրահը լցնելով երիտասարդ գեղանկարչի հուզական ապրումների, աշխարհին ուղղված հայացքի, իրողությունների ու մարդկային հարաբերությունների ընկալման գրեթե ամբողջությամբ կապույտով թաթախված խտացումով։

Արվեստում իր հաստատուն քայլերն անող այս շնորհալի աղջնակի հերոսը երազող, կյանքի լույսը փնտրող, անգործությունը, պասիվ հայեցողականությունը մերժող մարդն է, ում հավատո հանգանակը ոչ թե սոսկական գոյատևումն է, այլ լիաթոք ապրելը, իմաստալից գոյությունը:

Այս առումով հատկապես խորհրդանշական է առաջին ընկալումով պարզապես սովորական հավաքույթ, առօրյա զրույցների երեկո հիշեցնող «Մեր սերունդը» կտավը, որտեղ, ի պատիվ հեղինակի, կյանքի խոտելի երևույթները, ընկալումները մերժող հավաստում-հաստատումները ներկայացված են ոչ թե պլակատային, այլ հոգեվիճակները վերհանող կերպարներով ու սիմվոլներով (գրադարակ, չորացած ծաղիկներ, ջահ) արված լուծումներով։

Հարկավ կտավի ասելիքը շեշտադրված է երիտասարդական ակնհայտ մաքսիմալիզմով, սակայն դա թերություն է այնքանով, որքանով թերություն կարելի է համարել երիտասարդ լինելը, երիտասարդությունը։
Ոչ պակաս հետաքրքրական լուծումներով են արված հիշողության, կարոտի, կորստի, կյանքի հավերժության ու անցողիկ գեղեցկության խտացումներով առանձնացող ծաղկանկարները, բնանկարները, «Ջրահարսերի ազատություն» կտավը, այլ գործեր։
Մարիան պատանեկությունից նոր-նոր դուրս եկած աղջնակ է ու չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է աչքի ընկնել միջազգային բազմաթիվ հարթակներում՝ վերադառնալով մրցանակներով։ Դրանք գերազանցում են մեկ տասնյակը։ Սակայն խոշոր հաշվով սա էլ չէ ամենակարևորը։ Շատ ավելի կարևորն արվեստում նրա վստահ մուտքին հաջորդած նույնքան վստահ ընթացքն է։ Երիտասարդ արվեստագետի ցանկությունն է, որ իր կտավները կամրջեն անցյալն ու ապագան, որ մարդիկ իր արվեստում իրենց գտնեն` իրենց իսկ մտքերով ու զգացողություններով, քանզի նրա համոզմամբ արվեստն իրական է միայն այն ժամանակ, երբ շոշափում է մեկ ուրիշի հոգի։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 57933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ